Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Երկխոսություն

Երկխոսություն
19.07.2024 | 16:23

Օրերս մի նեղ միջոցառում-հավաքույթի ժամանակ (բարեգործություն էի արել. ատենախոսություն էի խմբագրել` անվճար) ներկաներից մեկը, ում վաղուց էի ճանաչում, ճռճռան, հուզաթաթավ բաներ էր ասում հայրենիքի ու հայրենյաց կորստի մասին։

Չդիմացա։

- Եթե հիշողությունս չի դավաճանում, դուք ձեր պապենական գյուղում տուն ունեի՞ք, չէ՞,- հարցնում եմ,-կարծեմ թե` հյուրընկալվել էլ ենք տատուպապիդ։

- Հա՛, ունեինք, հիմա էլ ունենք,-պատասխանում է։

- Բա հիմա ո՞վ է ապրում այնտեղ, ո՞վ է տիրություն անում երբեմնի շեն ձեր օջախին,-հարցնում եմ` իբր մի տեսակ անտարբեր, ի միջի այլոց։

- Ոչ ոք, դե, ես էլի, էլ ո՞վ,-պատասխանում է։

(Ա՛յ, քեզ ճիշտ պատասխան` ասես շամփրում է ուղեղս` «ոչ ոք` ես»...)։

- Վերջին անգամ ե՞րբ ես գյուղ գնացել, դուռը բացել, այցելել նախնիներիդ շիրիմներին, չէ՞ որ, եթե էլի չեմ սխալվում` քեզ են կտակել, ձեր ազգի միակ արու ժառանգն ես,-արտաքուստ հանգիստ համառորեն շարունակում եմ ես։

- Դե, վերջերս,-խոսքը, ասես, ծոր է տալիս։

- Վերջերս ե՞րբ,-կրկին համառում եմ։

Չի պատասխանում։ Լռում է։

(Ինձ մոտիկից ճանաչող մարդիկ լավ գիտեն` անուղղելի

ուղղախոս-ուղղամիտ եմ, կեղծիքն ու սուտը չհանդուրժող, իսկ պատեհապաշտների ներկայությունը տանել չեմ կարողանում։ ՈՒ հարգում եմ ժողովրդախոսական իմաստությունը. «Էշին մեյդանում են ծեծում»)։

Կենացները մշտապես «ծաղկացնող» ներկա ոմանք ևս լռում են։ Իսկ ես «օգտվում» եմ իմ հանդեպ ընդգծված հարգանք-պատկառանքից։ Սակայն, անկեղծ ասած, նման դեպքերում իսկապես չեմ էլ դիմանում, ախր, դիմանալու էլ չի։

- Դուք ձեր պապենական տան հավանոցին անգամ տիրություն չեք անում, ի՞նչ հայրենասիրության մասին եք խոսում,֊-որպես «երկխոսության» ամփոփում է հնչում խոսքս։

Ներկաների շնչահեղձ շնչառությունից ականջներս ոնց որ սկսում են թշշալ։

- Միջոցառումը կարծես հարամեցի։ Կարևոր գործեր ունեմ, ես գնամ,-ասում եմ անտարբեր` ստեղծված իրավիճակի համար անգամ վատ չզգալով ու պատրաստվում եմ դուրս գալ։

Ինչու՞ չեմ նեղվում, ասեմ. միջոցառման հրավիրվելիս խիստ զգուշացրել էի. «Հանկարծ սուտի-մուտի բաներ իմ ներկայությամբ չխոսեն, չեմ սիրում»)։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.

Էսպես էլ ապրում են… կենացներ խմելով։

Տխուր է։

Ի՜նչ արած, ես էլ այսպիսին եմ, հորս աղջիկը։

Դիտվել է՝ 4231

Մեկնաբանություններ